ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայերի մոտ սուրճի հանդեպ սերը, կարծես, արյան մեջ լինի։ Հայաստանում սուրճ խմում են առավոտյան, ճաշին, երեկոյան և անգամ քնելուց առաջ։ Հայաստանցուն հյուրընկալած յուրաքանչյուր հյուր օրվա որ ժամին էլ լինի պարզապես պարտավոր է վայելել բուրավետ սև սուրճ` մի կտոր թարմ գաթայով կամ փախլավայով։
Հայկական սրճարաններում և ռեստորաններում այս շոգ օրերին տարածված է նաև «Գլյասե» սուրճը։
Ի դեպ, այս ըմպելիքի հայրենիքը Ֆրանսիան է։ «Գլյասե» թարգմանաբար նշանակում է սառցե կամ սառեցված։ Կան գլյասեի տեսակներ, որոնց դեպքում պետք է օգտագործել տաք սուրճի և սառցե պաղպաղակի հակադրությունը։
«Горячая чашка» հրատարակությունը ներկայացնում է կատարյալ «Գլյասեի» պատրաստման գաղտնիքները։
Թարմ սուրճ
Հնարավորության դեպքում օգտագործեք թարմ, բնական սուրճ, որը պատրաստված է սրճեփում կամ ջազվեում։ «Գլյասե» կարելի է պատրաստել նաև լուծվող սուրճով։
Պաղպաղակ
«Գլյասեի» համար ավելի հարմար է դասական պլոմբիրը` առանց համային հավելումների։ Սակայն եթե ուզում եք փորձարկումներ անել և սուրճին փոխանցել ավելի հագեցած և հետաքրքիր համ, կարելի է փորձել կրեմ–բրյուլե, վանիլային, շոկոլադե կամ կարամելային պաղպաղակ։
Սերուցք
Հեշտ է օգտագործել հարած սերուցք, որը վաճառվում է բալոններով։ Սակայն ըմպելիքի համային հատկություններն ավելի խորացնելու համար կարելի է բլենդերում հարել սառնարանում նախօրոք սառեցված 30%–ից ավել յուղայնության սերուցքը, որը կարելի է սառնարանում պահել երկու օր։
Համային հավելումներ
Որպես հավելում գլյասեում հաճախ օգտագործում են տարբեր սիրոպներ` շոկոլադե, կարամելային, վանիլային կամ ցանում են շոկոլադե փշուրներ, կակաո, քերած ընկույզ, կարամելի կտորներ կամ մանրացված գունավոր սառույց։
Դասական գլյասեի բաղադրատոմս
Բաղադրիչներ
- 1 բաժակ թարմ պատրաստված սուրճ
- 100–150 գրամ պաղպաղակ
- 2 ճաշի գդալ շոկոլադի սիրոպ
- 2 ճաշի գդալ հարած սերուցք
- մի փոքր կակաո կամ քերած շոկոլադ
Պատրաստման եղանակը
Եփեք սև սուրճն ու թողեք, որ սառչի։ Վերցրեք երկար բաժակ, մեջը դրեք պաղպաղակի գնդիկները և ավելացրեք շոկոլադի սիրոպը։ Ավելացրեք սուրճն ու սերուցքը։ Վերջում ըմպելիքի վրա ցանեք կակաո կամ քերած շոկոլադ։
Վայելեք...