ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Արմենիա Վայն» ընկերության գինիները ոսկե և արծաթե 6 մեդալների են արժանացել հեղինակավոր «Decanter World Wine Awards» միջազգային մրցույթում։
Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Այս հաղթանակը ոչ միայն «Արմենիա Վայն» ընկերությանն է, այլ նաև գինեգործական դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքինը՝ կրկին հետ վերադարձնելով «գինեգործության օրրան» հպարտ կոչումը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միացյալ Թագավորությունում անցկացվող հեղինակավոր «Decanter World Wine Awards» միջազգային մրցույթը համարվում է խոշորագույն և ամենաազդեցիկ գինեգործական մրցույթներից մեկն աշխարհում։ Յուրաքանչյուր տարի գինու որակ սահմանող այս մրցույթին մասնակցում են հազարավոր արտադրողներ ավելի քան 47 երկրներից։ Իսկ գնահատումն իրականացնում են 200-ից ավել ոլորտի համաշխարհային մասնագետներ, սոմելիեներ և փորձագետներ։ Այս տարի «Decanter World Wine Awards»-ում ներկայացված հայկական գինիներից տասնինը արժանացել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների, գնահատվել «Գովելի» չափանիշով։
«Արմենիա Վայն» ընկերությունը 2014 թվականից սկսած մասնակցում է «Decanter World Wine Awards»-ին։–0–