ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է վերջին 5 տարվա գործունեության արդյունքները` ներկայացնելով իրականացված նախագծերը, որոնք ապահովել են խաղողագործության և գինեգործության բնագավառների առաջանցիկ աճը և ունեն ռազմավարական նշանակություն ոլորտի հետագա կայուն զարգացման համար։
Այսպես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ընդգծեց, որ կազմակերպության գլխավոր առաքելությունն է խթանել Հայաստանում գինեգործության զարգացումը` որպես որակյալ գինու արտադրության, միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացման երաշխիք` առաջնահերթություն տալով գինու սպառման և արտահանման ծավալների աճին։
«Եթե երկու խոսքով նկարագրենք հիմնադրամի հնգամյա գործունեությունը, ապա դա «վերածնունդ է և զարգացում»։ Վերաիմաստավորելով գինու պատմությունը` մեզ համար, որպես ոլորտի զարգացման պատասխանատուների, կարևոր էր սրբել մոռացության փոշին մեր գինու հարուստ ժառանգությունից, հայտարարել ամբողջ աշխարհին, որ Հայաստանը գինու պատմական հայրենիքն է», – ասաց նա։
Մուրադյանը նշեց, որ 5 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամն իրականացրել է տասնյակ ծրագրեր` ոլորտի հետագա կայուն զարգացման համար։ Այսպես, այդ ընթացքում կազմակերպվել են 50–ից ավել համտես–շնորհանդեսներ առաջատար, թիրախային երկրներում` Ֆրանսիա, Ավստրիա , Իսպանիա, Իտալիա, Ճապոնիա , Կանադա, ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան , Չինաստան։ Ընդլայնվել է հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը` ներառելով 36 երկիր։
Այս ընթացքում հայկական գինիները, մասնակցելով գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթներին, արժանացել են տասնյակ մեդալների` ավելի քան 39 ոսկե, 52 արծաթե և 17 բրոնզե մեդալների, գովասանագրերի և պատվոգրերի։ Նրանց թվում են MUNDUS VINI 20th Grand International Wine Awards–ը, The 25th Concours Mondial de Bruxelles 2018–ը, ProdExpo 2019–ը, Mundus Vini 2019–ը, Catavinum 2019–ը, Asian Wine Review 2019–ը և այլն։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշեց, որ երկրում գինեգործության ոլորտը զարգանում է։ Նա նշեց, որ այսօր կառավարությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի ընդհանուր զարգացմանը։ Դրանց մի մասն իրականացվում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով, մնացած մասը` անմիջապես նախարարության կողմից։ «Նպատակն է գտնել ոչ միայն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծել համակարգ, որը կգործի մարդկանցից անկախ և կնվազեցնի մարդու դերը ոլորտի ընդհանուր զարգացման մեջ», – նշեց նա։–0–