ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի ՝ միշլենյան աստղերի արժանացած Մեդս Ռեֆսլունդի գաստրոնոմիկ ներկայացումը, որը ստեղծվել է նրա թիմի կողմից հայկական մթերքի և համային ավանդույթների մանրամասն ուսումնասիրության արդյունքում:

Համի տոնը կազմակերպվել է Գեղարքունիքում ՝ Երևանից 60 կմ հեռավորության վրա, Ծաղկունք գյուղի Tsaghkunk Restaurant &Glkhatun ռեստորանի հարթակում ՝ Սուսաննա Ղուկասյանի թիմի հետ համատեղ։
Միջոցառումը տարբերվում է ընթրիքի ավանդական ընկալումից և անցկացվում է fine dining–ի կանոններով, որտեղ աուտենտիկ խոհանոցի միշլենյան տարբերակի հետ ծանոթությունը պահանջում է յուրաքանչյուր հյուրի ակտիվ մասնակցություն:

Վարող Վերոնիկա Ջոյ Ռոգովը ողջույնի խոսքում նշեց գինեգործության հայկական ավանդույթների և խաղողի տեսակների պահպանման անհրաժեշտությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է պատմել ձեզ, թե ինչպես են ընտրվել գինիներն այս իրադարձության համար: Ինձ հաջողվեց գտնել ինչպես փոքր գինետներ` երիտասարդ գինիներով, այնպես էլ այցելել սահմանափակ գինու խոշոր արտադրողների ռեզերվներ: Դուք հիանալի գինի ունեք, ես տպավորված եմ», - հայտարարել է Ռոգովը:
Շոուի առանձին հատվածը ծանոթություն էր գլխատան և լավաշի թխման պատմության հետ: Հյուրերին ներկայացվեց 18-րդ դարի վերականգնված գլխատունը, որտեղ տեղացի վարպետները լավաշ են թխում, որն էլ գրավեց դանիացի հյուրին: Խոհարար Մեդսը ներկայացրեց մթերքների իր ընտրանին, որն անձամբ է ընտրել Հայաստանի ֆերմերային տնտեսություններ կազմակերպված մեկշաբաթյա այցելության ընթացքում։

«Այս ուտեստները ձեր երկրի լավագույն համային համադրություններն են, որոնք խնամքով պահպանվել են փոքր ընտանեկան տնտեսությունների կողմից: Հուսով եմ, որ դուք իմ նման կզարմանաք համի հարստությամբ և խորությամբ», - ասաց նա:
Ներկայացված համային զույգերի շարքում հյուրերն առանձնացրեցին եղնիկի մսից պատրաստված բաստուրման, նրբահամ պանիրը և հին բաղադրատոմսերով պատրաստված առանձնահատուկ սոուսները:
Գլխավոր միջոցառման ճաշացանկում www.foodandwine.am կայքն առանձնացրել է 3 առավել հետաքրքիր ուտեստները. heirloom tomatoes with sour plums and rose hips from Dilijan–ը, Sevan crayfish steamed in mountain herbs from Tavush region–ը, Toasted local grains ice creme with dark honey and green figs–ը։

Կազմակերպիչների խոսքերով, մոտ ապագայում սպասվում են ևս մի քանի վառ իրադարձություններ, որոնց միջոցով հնարավոր է աշխարհին հետաքրքիր, համեղ և մասշտաբային ներկայացնել Հայաստանի ավանդույթները, մասնավորապես` գաստրոտուրիզմը:
Հայ հայտնի դիզայներ և նկարիչ Նուռը (Արման Դավթյան), ով ևս փայլում է իր խոհարարական տաղանդով, հայտարարել է, որ ուրախ է Հայաստանում կազմակերպվող նման իրադարձությունների համար:
«Բազմիցս եղել եմ աշխարհի տարբեր երկրների միշլենյան ռեստորաններում: Ինձ համար միշտ մեծ հարց էր, թե ինչու նման բան չկա Հայաստանում, և ինչու մենք չենք կարող այստեղ ընդունել և զարմացնել մեր հյուրերին նմանատիպ խոհանոցով: Ավելին, կարևոր է, եթե դա աուտենտիկ խոհանոց է, օգտագործվել է աուտենտիկ տեղական մթերք, որոնց հիման վրա ստեղծվել է նման բարձր խոհանոց »,- ասաց Նուռը:
Նրա խոսքով, դա շատ ավելի հետաքրքիր ու տպավորիչ է: Նա հատկապես նշեց լավաշի հիման վրա պատրաստված վերջին աղանդերը:
«Դա անզուգական էր, մեծ արվեստ էր»,- ասաց Նուռը:

Ռեստորատոր Արթուր Մարգարյանը («Շառլ», «Կլոդ Մոնե», «Սալոն») նշեց, որ ընթրիքը, որը բաղկացած էր 15 ճաշատեսակներից, շատ գեղեցիկ էր, ինքնատիպ, իսկական «բարձր խոհանոց»՝ անսպասելի համերով։
«Դա ճաշակի և գեղեցկության թատրոն էր», - ասաց Մարգարյանը:
Margaryan Business Group–ի գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանն ուրախալի համարեց այն փաստը, երբ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ հետաքրքրվում են Հայաստանով և գալիս են ստեղծագործելու:
«Ես բացահայտեցի նոր համեր և համադրություններ, շնորհանդեսը, պարզապես, ֆանտաստիկ էր: Նման իրադարձությունները մեր արդյունաբերության համար ընձեռում են հնարավորություն ոչ միայն տեսնել բարձր խոհանոցը, այլև աշխարհահռչակ խոհարարին ներկայացնել Հայաստանի յուրահատուկ համային ավանդույթները: Շատ ուրախ եմ, որ նա տպավորված էր հատապտուղներով, խոտաբույսերով և այլ բաղադրիչներով, որոնք ոգեշնչեցին նրան կազմել շատ անսովոր ճաշացանկ»,- ասաց Մարգարյանը:
Միջոցառումը հնարավոր է դարձել «Գագարին» նախագծի շնորհիվ, որը համակարգում է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը:–0–