Food&Wine-ը այս շաբաթ ևս ներկայացնում է բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք առողջարար ծաղկակաղամբի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը։
Ծաղկակաղամբի մասին

Ծաղկակաղամբի հայրենիքը Միջերկրածովյան տարածաշրջանն է։ Համարվում է, որ ծաղկակաղամբը ստացել են սիրիացի ֆելլահները (գյուղացիներ) կաղամբի տերևներից։ Այդ իսկ պատճառով ծաղկակաղամբը երկար ժամանակ կոչվել է սիրիական կաղամբ:
Խոհարարության մեջ ծաղկակաղամբը գնահատվում է իր հիանալի համի և դիետիկ հատկությունների շնորհիվ: Որպես սնունդ հիմնականում օգտագործվում է խաշած ծաղկակաղամբը, այն կարելի է շոգեխաշել կամ տապակել մսի, բանջարեղենի, կարտոֆիլի հետ, ավելացնել բանջարեղենի և մսային աղցանների մեջ, պատրաստել որպես երկրորդ ճաշատեսակ` տապակելով ձվի հետ:
Կալորիականություն
- 100 գրամ ծաղկակաղամբում - 30 կկալ
- Ածխաջրեր - 4.2 գրամ
- Սպիտակուցներ – 2.5 գրամ
- Ճարպեր-0.3 գրամ
Օգտակար հատկություններ

Ծաղկակաղամբը հարուստ է վիտամիններով, սննդանյութերով և հանքանյութերով: Ծաղկակաղամբը հարուստ է B1, B2, B6, PP, A վիտամիններով: Այն պարունակում է նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և երկաթ:
Օրինակ, ծաղկակաղամբում երկաթի պարունակությունը կրկնակի շատ է, քան պղպեղում, հազարում ու կանաչ ոլոռում:
Ծաղկակաղամբը կանխում է ճարպային նստվածքների առաջացումը, ինչի շնորհիվ այն դառնում է պարտադիր մթերք ավելորդ քաշ ունեցողների համար։
Ծաղկակաղամբը պարունակում է նաև ինդոլ-3-կարբինոլ։ Այն նյութ է, որը մասնակցում է էստրոգենների նյութափոխանակությանը և կանխարգելում է կանանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը։ Ապացուցված է նաև, որ ծաղկակաղամբը նպաստում է խոլեստերինի դուրս բերմանն օրգանիզմից և ամրացնում է անոթները։ Ծաղկակաղամբի հյութը, որը կիսով չափ խառնում են ջրի հետ, հանգստացնում է բորբոքված լնդերը։
Վնասակար հատկություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել եփած ծաղկակաղամբ և ցանկալի է ուտել օրը մեկ անգամ։
Որոշ մարդիկ ունենում են մարսողական խնդիրներ հում վիճակում խաչածաղկավոր բանջարեղեն, այդ թվում` կաղամբ, ծաղկակաղամբը և բրոկկոլի օգտագործելու դեպքում: Մարսողական խանգարումները պայմանավորված են բանջարեղենի այս տեսակներում առկա ածխաջրերի պարունակությամբ, որոնք ամբողջությամբ չեն մարսվում՝ մեծ քանակությամբ բջջանյութի և ծծմբի հետ միասին։ Ուստի մարսողական խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում բանջարեղենի այս տեսակներն օգտագործել եփած, շոգեխաշած կամ տապակած վիճակում։
Հակացուցումներ
Խաչածաղկավոր բանջարեղենը պարունակում է միացություններ, որոնք կոչվում են պուրիններ: Պուրինները մարմնում կարող են վերածվել միզաթթվի և կուտակվել աղերի տեսքով: Եթե դուք ունեք երիկամների քար կամ պոդագրա, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ մեծ քանակությամբ ծաղկակաղամբ օգտագործելուց առաջ:
Ծաղկակաղամբը հակացուցված է այն մարդկանց, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդությամբ, ունեն ստամոքսի բարձր թթվայնություն, երիկամների և միզասեռական համակարգի հիվանդություններ, ալերգիա, պոդագրա, աղիքային կծկումներ: Ծաղկակաղամբը համեղ բանջարեղեն է, որը շատ օգտակար է։ Պարզապես այն պետք է օգտագործել փոքր չափաբաժիններով, և այն հաստատ ոչ մի վնաս չի պատճառի։