Food&Wine-ը շարունակում է ներկայացնել բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք առողջարար ու անուշաբույր դդումի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը։
Դդումի մասին

Դդումի հայրենիքը Մեքսիկան է, որտեղ գիտնականները հայտնաբերել են դդմի ամենահին սերմերը՝ մոտ 7000 տարեկան։ Դդումը ոչ միայն համեղ, այլև անչափ առողջարար մթերք է, որն օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերը։
Այս բանջարեղենն ուտում են հում վիճակում, եփում են, ավելացնում փլավին, լցոնում են բրնձով, բանջարեղենով, մրգերով, ընկույզով, աղացած մսով, շոգեխաշում ոսպով, պատրաստում են մուրաբա, ապուր:
Դդումն աճեցնում են գրեթե ամենուր, այդ իսկ պատճառով դդումով ազգային ուտեստներ կարելի է գտնել աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում։
Կալորիականություն
- 100 գրամ դդումում - 20 կկալ
- Ածխաջրեր - 5 գրամ
- Սպիտակուցներ – 1 գրամ
- Ճարպեր-0.1 գրամ
Օգտակար հատկություններ
Դդումն աչքի է ընկնում իր հանքանյութերով՝ երկաթ, կալիում, կալցիում, ֆտոր, պղինձ։ Այդ իսկ պատճառով դդումը հաճախ խորհուրդ է տրվում սակավարյունության և այտուցների բուժման համար։ Բացի այդ դդումն իր ցածր կալորիականության և բարձր սննդային արժեքի շնորհիվ օգտակար է ավելորդ քաշի դեմ պայքարում։
Դդումը հարուստ է վիտամիններով։ Այս բանջարեղենը ռեկորդակիրներից է վիտամին A-ի պարունակությամբ։ Բացի այդ դդումը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, և առկա են գրեթե բոլոր վիտամինները: Դդումն օգտակար է մաշկին, աչքերին և սրտանոթային համակարգին:
Վնասակար հատկություններ

Դդումի հաճախակի օգտագործումը երբեմն կարող է հանգեցնել որովայնի փքվածության և փորլուծության։ Դդումի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել նաև կարոտինեմիկ կեղծ դեղնախտի, քանի որ բանջարեղենի մեջ պարունակվող կարոտինն առաջացնում է մաշկի դեղնացում: Հազվադեպ հանդիպում է անհատական անտանելիություն և ալերգիա, այդ դեպքում ավելի լավ է հրաժարվել դդմից։
Խորհուրդ չի տրվում նաև դդում ուտել ստամոքսի խոցի, ցածր թթվայնությամբ գաստրիտի և շաքարային դիաբետի դեպքում։
Հակացուցումներ
Հում դդում ուտելը հակացուցված է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև լեղապարկում և երիկամներում քարեր ունեցողներին, քանի որ դդումը կարող է առաջացնել քարերի տեղաշարժ։
Հում բանջարեղենն ավելի դժվար է մարսվում, ուստի ավելի լավ է հում դդում չտալ փոքր երեխաներին և տարեցներին: Դիաբետիկները նույնպես պետք է խուսափեն դդմի չարաշահումից, քանի որ այն կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման: Հում դդումի հյութը հակացուցված է ստամոքսի ցածր թթվայնության, գաստրիտի, ստամոսքի և տասներկումատնյա աղիքի խոցերի դեպքերում։