ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող Երևանն իր հարկի տակ հյուրընկալում է 1971 թվականից 68 և ավելի երկրներում գործող աշխարհահռչակ Hard Rock Cafe®-ն։
Hard Rock Cafe®-ի Երևանի ֆրանչայզինգային գործընկերը «Dome Arena» ընկերությունն է, որը հիմնադրվել է «Food Republic» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից։ Նախագծի ֆինանսավորումը մասնակի իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության օգնությամբ։
Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը հայտնում է իր ուրախությունը ընկերության համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանի՝ Hard Rock ընտանիքի անդամ դառնալու առթիվ։
«Հայաստանում մենք կստեղծենք շուրջ 100 աշխատատեղ։ Մենք խոստանում ենք մեր բրենդի ոգին և փիլիսոփայությունը բերել երաժշտական և սննդային յուրահատուկ ավանդույթներով հարուստ այս երկիր՝ ներկայացնելով նշանակալի դեր ունեցող այս ռեստորանի ժամանակակից տեսլականը»,- ասում է նա։
HARD ROCK CAFE® YEREVAN երկհարկանի սրճարանն ունենալու է փակ և բացօթյա սրահներ: Առաջին հարկում գտնվող փակ սրահում տեղացի հյուրերը և Երևանի այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել՝ վայելելով կենդանի կատարմամբ որակյալ համերգներ:
Անիբալ Ֆերնանդեզը նաև հավաստիացնում է՝ իրենց առաջարկած հնարավորությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի սպասարկման ոլորտի վրա:
«Տարիների մեր փորձին և համաշխարհային երաժշտական մշակույթին ծանոթությունը միայն մի փոքր մասն են այն ամենի, ինչ սպասվում է Հայաստանին Hard Rock Cafe®-ի ժամանումից հետո»,-նշում է նա։
Կազմակերպիչները վստահ են՝ այս իրադարձությունը կարևոր է ոչ միայն մեր հայրենակիցների, նաև՝ Հայաստան այցելողների համար։
ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը հույս է հայտնում, որ Hard Rock Cafe® Yerevan-ն կլրացնի հաջող նախագծերի ցանկը։
«Այս ծրագիրը իր հետ բերելու է մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ մեր տնտեսության համար՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, ինչպես նաև աշխարհահռչակ բրենդի Հայաստան մուտք գործելով».- ասում է նա։
Հարցին, թե ինչու՞ համագործակցություն եղավ հենց Hard Rock Cafe®-ի հետ և ո՞րն է լինելու հայաստանյան մասնաճյուղի բացառիկությանը «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը պատասխանում է՝ իր տեսակի մեջ այն առաջինն է։ Սրճարանն ունի ժամանակակից ինտերիեր՝ համադրված ամենահամեղ ուտեստներով ու սիրված երաժշտական կատարումներով:
«Ուսումնասիրելով շուկան զգացինք՝ եկել է մի պահ, որ շուկան թելադրում է նման ընկությունների մուտքը։ Կոնցեպցիան իր մեջ ներառում է նաև մանրածախ կոմպոնենտ, որտեղ վաճառվում են հագուստներ, տարբեր ապրանքներ, որոնք բրենդավորված են Hard Rock Cafe®-ի կողմից։ Դրանք անուղղակիորեն կսկսեն գովազդել Հայաստանը արտերկրում և ներգրավել բազմաթիվ տուրիստների»,- ասում է «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։
Հավելենք, որ սրճարանի բացօթյա սրահը լինելու է Hard Rock Cafe® Yerevan-ի երկրորդ հարկում, այստեղ գործելու է նաև երաժշտական հուշանվերների ցուցադրություն:
Hard Rock Cafe Yerevan-ը կգործի Պուշկին 3/1 հասցեում գտնվող յուրահատուկ ճարտարապետական ոճ ու պատմություն ունեցող շենքում: Այժմ շենքում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ պահպանելով շենքի պատմական դիմագիծն ու նոր շունչ հաղորդելով։
Արդեն 2022 թվականի երկրորդ եռամսյակից Hard Rock Cafe-ն իր 1000 քմ տարածքում միաժամանակ կընդունի 290 հյուրի, որոշ համերգների ժամանակ այցելուների թիվը կարող է հասնել մինչև 500-ի։
Hard Rock Cafe® -ի մասին
Մեծ ճանաչում վայելող Hard Rock International ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 68 երկրում և ընդգրկում է շուրջ 241 օբյեկտ, այդ թվում՝ սրճարաններ, հյուրանոցներ, խաղատներ և այլն: Hard Rock-ին է պատկանում աշխարհի ամենամեծ և արժեքավոր երաժշտական հուշանվերների հավաքածուն, որն ընդգրկում է ավելի քան 86,000 ցուցանմուշ, որոնք ցուցադրված են ընկերության՝աշխարհի տարբեր երկրներում գործող մասնաճյուղերում: 2021թ. Hard Rock-ը հեղինակավոր Forbes-ի կողմից արժանացել է լավագույն գործատու կոչմանը: Deloitte Private-ի և The Wall Street Journal-ի կողմից ճանաչվել է ԱՄՆ լավագույն կառավարվող ընկերություն:
2020թ. Forbes-ի կողմից ճանաչվել է նաև խտրականության դեմ պայքարող լավագույն գործատուներից մեկը, ինչպես նաև արժանացել է կանանց համար լավագույն գործատու կոչմանը: Hard Rock International ընկերությանը պատկանող հյուրանոցները և խաղատները հայտնվել են նաև Bristol Associates Inc.-ի և Spectrum Gaming Group-ի կողմից անցկացված 2020թ․ խաղատնային անձնակազմի գոհունակության վերաբերյալ հարցման (2020 Casino Gaming Executive Satisfaction Survey) արդյունքում ձևավորված վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:–0–