ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ֆունչոզան չինական լապշա է, որն հաճախ անվանում են նաև «ապակե» լապշա։ Այն պատրաստում են ոլոռի և լոբու օսլայից, մթերքն էժանացնելու համար օգտագործում են նաև եգիպտացորենի օսլա։ Ֆունչոզան չունի վառ արտահայտված համ և բույր, բայց շատ լավ ներծծում է ուտեստի մեջ ավելացված այլ մթերքների համն ու բույրը։
Ֆունչոզայի բացառիկությունն այն է, որ պատրաստման ժամանակ նրա կալորիականությունը նվազում է 4 անգամ և կազմում 80 կկալ 100 գրամի համար։ Ֆունչոզան ներծծում է մեծ քանակությամբ ջուր, ինչի հաշվին նվազում է դրա կալորիականությունը։ Ֆունչոզայի հիմնական օգտակար հատկություններից մեկը գլյուտենի բացակայությունն է։
Այսօր ներկայացնում ենք սնկով ֆունչոզայի բաղադրատոմս.
Անհրաժեշտ բաղադրիչներ
- ֆունչոզա -100 գրամ
- շամպինիոն - 200 գրամ
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- քաղցր պղպեղ - 1 հատ
- սխտոր - 1 պճեղ
- բուսայուղ - 3 ճաշի գդալ
- սոյայի սոուս - 2 ճաշի գդալ
- քացախ - 1 ճաշի գդալ
- օրեգանո-1 հատիկ
- քունջութ - 1հատիկ
- շաքարավազ – կես թեյի գդալ
- պապրիկա - 1 թեյի գդալ
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Առաջին հերթին պետք է տապակել բանջարեղենը: Սոխը խորանարդիկներով կտրատել, իսկ գազարը անցկացնել քերիչով։ Բանջարեղենը լցնել բուսայուղով նախապես տաքացրած տապակի մեջ և տապակել մոտ 2 րոպե։
Պղպեղը մաքրել, շերտերով կտրատել, ավելացնել սոխին և գազարին։ Բանջարեղենը տապակել 5 րոպե մարմանդ կրակի վրա՝ հաճախ խառնելով։
Սունկը լավ լվանալ, կտրել մեծ շերտերով, որպեսզի վերջում պատրաստի ուտեստի մեջ սունկը հստակ երևա: Այնուհետև ավելացնել տապակած բանջարեղեն վրա։ Մի քանի րոպե միասին տապակելուց հետո ավելացնել մանրացված սխտորն ու մի փոքր աղ:
Ֆունչոզան լցնել եռացրած ջրի մեջ, թողնել 2 րոպե, մի փոքր աղ ավելացնել, քամել ջուրը և ավելացնել բանջարեղենի վրա։ Խառնուրդի վրա լցնել սոյայի սոուսը, մի փոքր քացախ ու համեմունքներ: Խառնել և շոգեխաշել ևս մի քանի րոպե, մինչև ամբողջովին եփվի:
Սնկով ֆունչոզայի վրա ավելացնել քունջութի սերմերն ու մատուցել:
Բարի ախորժակ…