ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Որոշել ենք այս շաբաթ պատմել արքայանարնջի մասին։ Կներկայացնենք այս համեղ մրգի կալորիականությունը, օգտակար և վնասակար հատկությունները, հակացուցումները։
Արքայանարնջի մասին
Այս համեղ ու հյութեղ միրգը տարածված է արևադարձային և բարեխառն կլիմայական գոտիներում։ Արքայանարնջի հայրենիքը Չինաստանն է: Այս բույսի մի քանի հարյուր տեսակ կա ամբողջ աշխարհում: Ծառերի որոշ տեսակներ կան, որոնք ապրում են մինչև 500 տարի:

Կալորիականություն
- 100 գրամ արքայանարնջում - 67 կկալ
- Ածխաջրեր – 15.3 գրամ
- Սպիտակուցներ – 0.5 գրամ
- Ճարպեր-0.4 գրամ
Օգտակար հատկություններ
Արքայանարինջը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հատկապես A, C և B, ինչպես նաև յոդ, երկաթ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, մանգան, մագնեզիում: Յոդը լրացնում է օրգանիզմում այս նյութի պակասը և նվազեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների ռիսկը:
Այս միրգն ունի թթուների ցածր կոնցենտրացիա, ինչը բարենպաստ է ազդում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա՝ ստամոքսի խոցի, լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում։
Արքայանարինջն օգտակար է նաև սրտի և արյան անոթների հիվանդությունների դեպքում։ Այն նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը, իսկ մրգի միզամուղ ազդեցությունն օգնում է այտուցների դեպքում, որոնք առաջանում են սրտի վատ աշխատանքի հետևանքով:
Վնասակար հատկություններ
Արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ սախարոզա, ուստի այն չարժե շատ օգտագործել։ Բժիշկը կարող է արգելել արքայանարինջ հատկապես դիաբետի և ենթաստամոքսային գեղձի խնդիրների դեպքում:
Ինչպես բոլոր նարնջագույն պտուղներում, արքայանարնջում ևս կա մեծ քանակի A վիտամին` բետա–կարոտինի տեսքով։ Պետք է հիշել, որ օրգանիզմում չափազանց մեծ քանակությամբ բետա-կարոտինը կարող է հանգեցնել մաշկի դեղնության, հատկապես երեխաների մոտ։ Ճիշտ է, այն առողջության համար վտանգավոր չէ, և նման դեպքեր կարող են գրանցվել շաբաթական 2–3կգ կարոտին պարունակող մթերք ուտելու պարագայում։
Հակացուցումներ
Երիկամների քարերի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց հակացուցված է արքայանարինջ օգտագործել, քանի որ այն ունի միզամուղ ազդեցություն։
Արքայանարինջը հակացուցված է նաև այն մարդկանց, ովքեր վերջերս ենթարկվել են աղեստամոքսային տրակտի և մարսողական համակարգի օրգանների վիրահատության։ Արքայանարինջ խորհուրդ չի տրվում կրծքով կերակրողներին, քանի որ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Այն չպետք է խառնել կաթի հետ, քանի որ կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման։–0–