Food&Wine-ը շարունակում է ներկայացնել բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք համեղ, հյութալի, առողջարար և վիտամիններով հարուստ տանձի մասին:
Տանձի մասին
Տանձը սկսել են աճեցնել Չինաստանում: Սակայն հին հույները ևս գիտեին, թե ինչպես է պետք աճեցնել տանձ: Ժամանակին այս երկիրը նույնիսկ կոչվում էր «Տանձերի երկիր»: Տանձը երկրորդ ամենատարածված միրգն է խնձորից հետո: Իր համի և օգտակար հատկությունների շնորհիվ տանձը անվանում են մրգերի թագուհի:
Տանձի տեսակները շատ են տարբերվում արտաքին տեսքով, չափսով և համով։ Այս մրգի տեսակների մեջ ռեկորդակիրը Ճապոնիայում աճեցված գրեթե երեք կիլոգրամանոց տանձն է։ Աշխարհում կա տանձի ավելի քան 1000 տեսակ, և ամեն տարի հայտնվում են նոր տեսակներ։
Կալորիականություն

- 100 գրամ տանձում - 57 կկալ
- Ածխաջրեր – 15 գրամ
- Սպիտակուցներ – 0.4 գրամ
- Ճարպեր-0.1 գրամ
Օգտակար հատկություններ
Ընդամենը մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմի մինչև 20%-ը: Տանձը խնձորից պակաս քաղցր չէ։ Սակայն խնձորն ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին, քանի որ տանձը պարունակում է մեծ քանակությամբ սորբիտ: Այս նյութը քաղցրացուցիչ է, որն անվտանգ է դիաբետիկների համար:
Տանձը պարունակում է նաև մեծ քանակությամբ արբուտին, որը հակաբակտերիալ հատկություն ունի։ Կալիումի առատության շնորհիվ տանձի միզամուղ գործողության հետ մեկտեղ արբուտինն օգնում է պայքարել միզուղիների վարակների դեմ։
Վնասակար հատկություններ
Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ՝ տանձն օգտակար է միայն չափավոր օգտագործման դեպքում՝ օրական մի քանի հատ (առավոտյան, կեսօրից հետո կամ երեկոյան)։ Չափից շատ օգտագործումը հանգեցնում է ստամոքսի խանգարման։
Չի կարելի դատարկ ստամոքսին տանձ ուտել, քանի որ այն կարող է վնասել աղիների լորձաթաղանթին։ Այն պարունակում է թթուներ, որոնք կարող են խախտել աղիների և ստամոքսի բալանսը: Դատարկ ստամոքսին տանձ ուտելը երբեմն կարող է հանգեցնել գաստրիտի և խոցի։
Հակացուցումներ

Տանձը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի, աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ ունեցողներին։ Թթու տեսակները հակացուցված են հատկապես տարեցներին, քանի որ կարող են սրել նյարդային համակարգի խանգարումները, չափազանց ավելացնում են ախորժակը և դժվարամարս են։
Շաքարային դիաբետով կամ խոցով տառապող մարդիկ ևս պետք է խուսափեն տանձ ուտելուց: Եթե դուք փորկապություն ունեք, ապա այս միրգը ձեզ, միանշանակ, չի բուժի։ Դուք դրանով իսկ ավելի կվատացնեք վիճակը։ Ուստի այս դեպքում ևս խիստ կարևոր է չչարաշահել տանձի օգտագործումը: