ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեկնարկում է #GARoon ինքնատիպ փառատոնը, որի նշանաբանն է «ԳԱՌունա, գառ կեր»:
«Փառատոնի հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել ավանդույթները Հայաստանում: Դեռ մեր պապերը գառ էին ուտում, որը համարվում է էկոլոգիապես մաքուր, քանի որ գառները սնվում են միայն խոտով: Բացի այդ, ուզում ենք կոտրել կարծրատիպերը, քանի որ նախկինում Հայաստանում շատ աղջիկներ չէին ուտում տավարի միս, բայց հիմա իրավիճակը կփոխվի», - նշեց Margaryan Business Group ընկերության տնօրեն Կարեն Մարգարյանը փառատոնի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ:
Նա նաև նշեց, որ աշխարհում կա Գառան մսի սիրահարների ասոցիացիա: Մարգարյանը կարևորեց նման նախաձեռնությունները՝ ֆերմերական գործի զարգացման համար:
«Հուսով ենք, որ փառատոնի շրջանակում առաջարկվող ճաշատեսակները կդառնան մեր խոհանոցի մի մասը, ինչը կնպաստի դրա զարգացմանը», - ընդգծեց Մարգարյանը:
Փառատոնի մեկնարկը նշանավորվեց գառան մսից պատրաստված չորս ճաշատեսակի համտեսով՝ կիսաապխտած գառան միս, գառան մսով պատրաստված պատե (պաշտետ), մակբուս և տոլմա «Ուդոլի»:
«Արենի» գինու փառատոնի հիմնադիր տնօրեն Նունա Մանուկյանը ևս կարևորեց նման փառատոների կազմակերպումը, քանի որ տուրիզմն այսօր փոխում է դեմքն ու դառնում է իրադարձային: Նա նաև նշեց, որ նման միջոցառումների շնորհիվ բարձրանում է Հայաստանի գաստրոնոմիկ մակարդակը:
#GARoon փառատոնը գառանը նվիրված ինքնատիպ ձոն է, այն նվիրված է խաշի և պահքի սեզոնի փակմանը: 2022թ.-ի մայիսին փառատոնը դուրս կգա Երևանի սահմաններից: Փառատոնի անցկացմանը կմիանան Դիլիջանը, Ծաղկաձորն ու Արցախը: Այն կտևի մայիսի 1-ից մինչև հունիսի 1-ը, յուրաքանչյուր ռեստորան կներկայացնի գառան մսով պատրաստված երեք բացառիկ ճաշատեսակ:-0-