ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նոր բրենդը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։ Բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») և հարուստ տեսողական ինքնությունը ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը՝ որպես չբացահայտված գոհար, որն իր դրական էներգիայով զբոսաշրջիկներին հարազատ փորձառություն է տալիս՝ առավել հայտնի զբոսաշրջային արահետներից անդին։
«Ցանկացած բրենդի համար, հատկապես զբոսաշրջային, շատ կարևոր է ունենալ հստակ դիրքավորում, որն արտացոլում է իր յուրահատուկ արժեքային առաջարկը: Մենք ցանկանում էինք ստանալ թարմ և դինամիկ բրենդ, որը կգրավի միջազգային լսարանը, և ԱՀԱ կոլեկտիվը հենց դա է ստեղծել», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանն իր հերթին նշեկ է, որ Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ և չուսումնասիրված մշակութային և բնական ռեսուրսներով, ինչպես նաև խոհանոցային և արկածային փորձառություններով։ Ծրագրի նպատակն էր սահմանել և ստեղծել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում։–0–